ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԵՏՄՈԴԵՌՆԻԶՄՆ ԻԲՐԵՎ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

ՀԵՏՄՈԴԵՌՆԻԶՄՆ ԻԲՐԵՎ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ
11.12.2009 | 00:00

Անկասկած է, որ հետմոդեռնիզմը դարձել է սուր քննարկումների առարկա, որոնք իրենց հերթին գլոբալ բանավեճի կարևոր բաղադրիչ են։ Ընդ որում, այդ ինտելեկտուալ բանավեճը, ինչպես երբեք, արդիական է և նույնիսկ գործնական նշանակություն ունի, քանի որ հետմոդեռնիզմի տեղի ու դերի մասին հարցադրումների պատասխաններով են պայմանավորված ժամանակակից քաղաքակրթության տրանսֆորմացիայի և զարգացման հեռանկարները։
Հետմոդեռնիզմի էությունն ինքնին մնում է բանավեճի առարկա, և հազիվ թե որոշակի հայեցակարգի բացակայությունն այստեղ պատահական է։ Ավելի շուտ այս հարցի խնդրահարույց լինելը պայմանավորված է քաղաքական «սուպեր-պատվերով»։ Արդյոք հետմոդեռնիզմը մոդեռնի հակաթե՞զն է, թե՞ նրա տրանսֆորմացիայի պտուղը, անշուշտ, կարևոր հարց է։ Բայց մեզ այս պարագայում հետաքրքրում է այլ բան. ի՞նչ տեղի կունենա ժամանակակից աշխարհակարգի ժխտման դեպքում քաղաքական ու սոցիալական փիլիսոփայության մեջ, եթե գործնական գլոբալ կազմակերպական համակարգը, ժամանակակից էթիկան և քաղաքական գործելաոճը, որոնք առաջացել են 19-20-րդ դարերի հետմոդեռնիստական հեղափոխության հետևանքով, էվոլյուցիոն կամ հզոր սոցիալ-քաղաքական թռիչքի արդյունքում այլևս դադարեն գոյություն ունենալուց։ Ժամանակակից քաղաքակրթությունը տիրապետում է աղետը կանխելու բազմաթիվ հզոր լծակների ու ռեսուրսների, սակայն, այնուհանդերձ, հետմոդեռնիզմը, իբրև նախորդ երկու դարերի «կապիտալի» որոշակի ժխտման ձև, արդեն մտել է իր իրավունքների մեջ և անշեղորեն ազդում է ոչ միայն քաղաքական ու սոցիալական ինստիտուտների, տնտեսական հիմքերի, այլև աշխարհաքաղաքականության վրա` որպես ինքնուրույն քաղաքական սուբստանցիայի։
Գիտատեխնիկական հեղափոխությունը, այդ թվում` ինֆորմատիկան, ջախջախիչ հարված հասցրեց աշխարհաքաղաքականության հիմքերին, թեպետ օվկիանոսների ու մայր ցամաքների սահմանագծումները, տարածաշրջանների սահմանները դեռևս որոշիչ ազդեցություն ունեն համաշխարհային քաղաքականության մեջ։ (Բարաք Օբաման դիմում է Ռուսաստանին եվրասիական կոմունիկացիաներն օգտագործելու խնդրանքով, քանի որ օվկիանոսյան տերությունների համար նախկինի պես դժվար է ձևավորել օպերացիոն կառավարման համակարգեր մայրցամաքների խորքում)։ Սակայն ռազմավարական և այլ նշանակության ավիացիայի ու հրթիռների ի հայտ գալը, ռազմածովային ուժերի «ինքնաբավ» գործունեություն իրականացնելու ընդունակ ստորաբաժանումների գոյությունը սկզբունքային սրբագրումներ են մտցրել աշխարհաքաղաքականության մեջ։ Դրան պետք է ավելացնել նաև միջտարածաշրջանային ցամաքային կոմունիկացիաների առաջացումը, որոնք ունեն ընդհանուր տրանսպորտային ու էներգետիկ նշանակություն, և որոնց շնորհիվ փոխվել են պատկերացումներն էներգիայի և հումքի աղբյուրների հասանելիության, պաշտպանական միջոցների ու զորակազմի փոխադրման հնարավորությունների մասին։
Այս պայմանները նկատի ունենալով, ինչպես նաև այն, որ առաջացել են նոր խնդիրներ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև գեոտնտեսական ծրագրերի հաջող իրագործման համար, պայմանավորում են աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի հիմնավոր փոփոխությունները։ Ժամանակակից աշխարհը, իր ամբողջությամբ հանդերձ, ծնունդ է 19-20-րդ դարերի մոդեռնիստական փոփոխությունների։ Գաղութային կայսրությունների ձևավորման վերջին փուլը և դրանց քայքայումը, կոմունիստական համակարգի ի հայտ գալն ու նրա վերացումը, ժամանակակից միջազգային քաղաքական, ֆինանսատնտեսական, պաշտպանական, հումանիտար և այլ համակարգերի ստեղծումը մոդեռնիզմի արդյունք են։ Արիստոկրատական, պուրիտանական, եկեղեցական կազմակերպական կառույցներին փոխարինելու եկավ այն, ինչն այսօր կոչվում է ժամանակակից ժողովրդավարություն` տնտեսական կյանքում ունիվերսալիզմի կամ չսահմանափակված շուկայական հարաբերությունների ներդրումով։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը դարձավ հզոր ազդակ և միաժամանակ պայման մոդեռնիստական աշխարհի փլուզման և հետմոդեռնիզմի հաստատման համար։
Կարելի է ենթադրել, որ քաղաքակրթությունների բախման ոչ այնքան ինքնատիպ և արդեն մոռացված գաղափարի հեղինակներն են առաջ քաշել այս գաղափարը, սակայն ավելի շուտ բնազդորեն, բավականաչափ չիմաստավորելով այն և անտեսելով ձեռքի տակ եղած փաստացի նյութերը։ Անկասկած է, որ քաղաքակրթությունները բախվում են, բայց ո՞ր քաղաքակրթությունները, և ինչպիսի՞ ձևաչափում են նրանք հանդես գալիս։ Միանգամայն հնարավոր է, որ ավանդական քաղաքակրթություններին, այսինքն` այն ամենին, ինչն ընդունված է անվանել պատմամշակութային տիպեր, փոխարինելու կգան հետմոդեռնիստական տիպի քաղաքակրթությունները, որոնց համար հիմք կդառնան վերազգային, գեոտնտեսական համալիրները։ Հնարավոր է, որ այդ նոր քաղաքակրթությունները համադրվեն ավանդական, ռասայական և կրոնական հանրույթների հետ, մեկը չի բացառում մյուսին։ Աշխարհի հաջող և կայուն զարգացումն անհնար է պատկերացնել առանց այդպիսի վերազգային գեոտնտեսական համալիրների ստեղծման։ Իսկ դա իր հերթին անհնարին է առանց աշխարհաքաղաքականության մեջ սկզբունքային սրբագրումների։
Ներկայիս պետական սահմաններն արդիական բեմահարթակներից վաղուց դուրս մղված կայսրությունների միջև պայքարի արդյունք են։ Այդ սահմանների հարաբերական երկարակեցությունը բացատրվում է միայն արտաքին աջակցության, հովանավորության համակարգի և շահերի համար մղվող պայքարի գոյությամբ։ Միաբևեռ աշխարհի ձևավորումն անհնար է, բայց նույնքան անհնար է նաև բազմաբևեռության հաստատումը։ Առնվազն փաստ է, որ այդ իրական և վիրտուալ բևեռները գործունակ չեն լիարժեք իմաստով, ինչը լավ են հասկացել ժամանակակից քաղաքական ու տնտեսական էլիտաները։ Ենթադրյալ բևեռները չեն «աշխատում», նրանց էլիտաները գտնվում են նոր կազմակերպական կառույցների ստեղծման որոնումներում։ Կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ բոլոր տարածաշրջաններում տապալվում են ինչպես ռազմական, այնպես էլ գեոտնտեսական դաշինքներ ձևավորելու ծրագրերն ու փորձերը։ Այդ ծրագրերի տապալումը տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ համաշխարհային ուժային կենտրոններն են հանդես գալիս այդ ծրագրերի նախաձեռնողի դերում։ Տարածության կազմակերպման ժամանակակից մեթոդները վերաիմաստավորման և ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակի հերքման խնդիր ունեն։ Սա պարզապես քարոզչության կամ ենթադրությունների ոլորտից չէ, այլ վերածվել է համաշխարհային ուժային կենտրոնների իրական քաղաքականության։ Ակնհայտ է այն, որ գոյություն չունի գործողությունների միասնական պլան, և յուրաքանչյուր տերություն, որն ընդունակ է այդպիսի նախաձեռնությունների, հանդես է գալիս ինքնուրույն։
Իհարկե, գլխավոր շահագրգիռ բևեռն ԱՄՆ-ն է։ Սակայն, միաժամանակ, տարածաշրջանային տերություններն են նույնիսկ սկսել զբաղվել աշխարհաքաղաքական կառուցվածքների ձևավորմամբ։ Կարելի է թվարկել այդ պետություններն ու ուժային կենտրոնները։ ԱՄՆ-ից բացի` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կորեան, Իսրայելը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան` Պակիստանի և արաբական գործընկերների հետ, Սուդանը, Սիրիան, Լեհաստանը, Ռումինիան, Հունաստանը, Լիբիան, Սերբիան, ՈՒզբեկստանը։ Նոր աշխարհաքաղաքականության նախագծողներ լինելու միանգամայն իրական հավակնորդներ են Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Ամենահետաքրքիր մայր ցամաքները, այս առումով, շարունակում են մնալ Աֆրիկան և Լատինական Ամերիկան։ Կարելի է ենթադրել, որ իրական հետմոդեռնիստական միտումները ենթադրելու են տարբեր փորձարարություններ` միավորելու այն ամենը, ինչն առաջին հայացքից ենթակա չէ միավորման։ Օրինակ, խոսք կարող է լինել Արևմուտքի դաշինքի մասին իսլամական կամ բուդդայական աշխարհի առանձին հատվածների հետ։
Անշուշտ, ԱՄՆ-ը, շուտով նաև` Եվրամիությունը, ավելի ու ավելի են ձգտելու գործընկերներ գտնել այդ աշխարհաքաղաքական կառուցվածքը ձևավորելու համար։ Որոշ երկրներ կդառնան գործընկերներ, իսկ մյուսները` միայն այդ կառուցվածքը ձևավորելու նյութ։ Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ խնդրի հետ կապված ի հայտ է եկել այնպիսի ձևակերպում, ինչպիսին է «չկայացած պետությունը»։ Այդպիսի պետությունների թվին են պատկանում տասնյակ երկրներ տարբեր տարածաշրջաններում, ուր համաշխարհային ուժային կենտրոններն ունեն շահեր։ Բնութագրական է, որ կան պետություններ, որոնց սահմանները որոշակի ծրագրերի շրջանակներում ենթակա են փոփոխության, բայց այդ համատեքստում են դիտարկվում նաև այն երկրները, որոնք իրենք են հանդես գալիս տարածքային պահանջներով կամ նոր պետություններ ստեղծելու և քաղաքական քարտեզը սրբագրելու նախաձեռնությամբ։ Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ն իրագործում է ժամանակակից աշխարհաքաղաքական դասավորությունը փլուզելու քաղաքականություն և դրան է մղում նաև այլ խոշոր ու մանր պետությունների։ ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել իրավիճակ, երբ միայն ահռելի ծրագրերին մասնակցելը կարող է հույս ներշնչել պետություններին, որ նրանք կմնան համաշխարհային քաղաքականության սուբյեկտներ։ Ցանկացած «կամավոր» ինքնամեկուսացումը կամ առանձնապես ակտիվ քաղաքականություն չվարելու ձգտումը հետմոդեռնիզմի շրջանակում ոչ միայն անիմաստ է, այլև ընկալվելու է թշնամական դիրքերից։ Հետմոդեռնիզմը վերածվում է հիմնական արժեքային համակարգի, նոր արժեքների, էթիկայի և էսթետիկայի, որոնց էությունն առայժմ մինչև վերջ հստակ ու որոշակի չէ։
Դատելով քաղաքական գրականությունից և արվեստում տիրող նոր հովերից, հետմոդեռնիզմի շուրջ բանավեճն ամբողջ թափով չի ծավալվել և առայժմ դուրս չի գալիս էլիտար շրջանակներից։ Առաջանում է կասկած, որ կան լուրջ շահագրգռություններ, որպեսզի այս հարցն առհասարակ չդառնա գլոբալ բանավեճի առարկա։ Հավանաբար, հետմոդեռնիզմի իրական նախաձեռնողներն ու ծրագրավորողները հասկանում են, որ սպասվող աղետի գիտակցումը կարող է հանգեցնել պահպանողական-հեղափոխական իրադարձությունների։ Այսինքն` ոչ միայն ինտելեկտուալների, այլև միջին խավերի և անգամ էլիտար որոշակի խմբավորումների կոշտ արձագանքին։ Հետմոդեռնիզմը տոտալ պահպանողական-հեղափոխական հեռանկարի ոչնչացման միջոց է, քանի որ պահպանողական հեղափոխությունն ինքնին մոդեռնիզմի արդյունք է։ Արդիական էլիտաները չեն կարող չհասկանալ, թե որքան վտանգավոր և սպառնալից են հետմոդեռնիզմի զարգացման միտումները, և կարող են փորձել չեզոքացնել այդ նոր անկառավարելի ալիքը։
Ո՞րն է հետմոդեռնիզմի սպառնալիքը։
Ըստ էության, համաշխարհային քաղաքականության օրակարգում երեք գաղափար ու խնդիր առաջադրելու ցանկություն կա։ Դրանցից առաջինը շուկայական հարաբերությունների ոչնչացումն է կամ դրանց սահմանափակումն իրենց ներկայիս լիբերալ կամ նեոլիբերալ ձևաչափում։ Երկրորդ խնդիրը լիբերալ ժողովրդավարությանը հզորագույն հարված հասցնելու գաղափարն է և իրավակարգի այլ ձևերի օրինականացումը, որոնք հիմնված են ավտոկրատիայի առայժմ չձևակերպված ձևաչափերի վրա։ Եվ, վերջապես, երրորդ խնդիրը ներկայիս աշխարհաքաղաքական դասավորության փլուզումը կամ վերանայումն է։ Բոլոր այս երեք խնդիրները սերտորեն փոխկապակցված են։ Համաշխարհային տնտեսության հետագա զարգացման բազային նախապայմանը սպառման կանոնակարգումն է, ընդ որում` ողջ համալիրի։ Հակառակ դեպքում աշխարհին սպասում է բնական պաշարների ոչնչացում, իսկ առավել իրատեսական գնահատականները հուշում են, որ ներկայիս գիտատեխնիկական ձեռքբերումների մակարդակում հնարավոր չի լինելու առանց այդ պաշարների լուծել էներգաապահովման, սննդի, շրջապատող միջավայրի պաշտպանության խնդիրները։ Այս հարցերի լուծումն անհնարին է առանց աշխարհաքաղաքական դասավորության արմատական փոփոխության և առանց դեռևս անձեռնմխելի ռեսուրսների վրա վերահսկողություն հաստատելու։ Համաշխարհային ուժային կենտրոնները ձգտում են ոչ միայն անմիջական հսկողություն հաստատել ռեսուրսների, այլև լոկալ տարածությունների վրա, որոնք կոչված են ապահովելու այդ ռեսուրսների հասանելիությունը և նրանց անվտանգ շահագործումը։
Աշխարհում պայքար է ծավալվել Աֆրիկայի, Եվրասիայի, Արկտիկայի և ռեսուրսներով հարուստ այլ տարածաշրջանների համար։ Այդ պայքարին մասնակցում են գործնականում բոլոր խոշոր պետությունները և նրանց արբանյակները։ Այդ կապակցությամբ կրկին արդիականանում են սպառազինության խնդիրները, ինչը հանգեցնում է դրանց նոր տեսակների նախագծման և արտադրության, միջուկային սպառազինությունների որոշակի մակարդակի պահպանման։ Առաջատար եվրոպական պետությունները, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, ինչպես նաև տարածաշրջանային տերությունները, սկսել են ստեղծել հզոր ռազմածովային և ռազմաօդային ուժեր։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առջև, իբրև առաջատար միջուկային տերությունների, խնդիր է դրված բաց չթողնել պատմականորեն կարևոր ժամանակը և թույլ չտալ աշխարհում ուժերի հավասարակշռության արագ փոփոխություն։ Ռուսաստանի համար այդ խնդիրները լուծելի են միայն միջնաժամկետ հեռանկարում։ Ապագայում Ռուսաստանը հարկադրված է լինելու միայն իր տարածքն ու ռեսուրսները պաշտպանելու։ Ֆուտուրոլոգների գնահատմամբ, ԱՄՆ-ին սպասում է աշխարհում դիրքերի լուրջ անկում, ներքին սոցիալ-տնտեսական ու քաղաքական անկայունություն։ Այս աննախանձելի հեռանկարը հնարավոր է հաղթահարել միայն ժխտելով մոդեռնիզմի արդյունքները` ներկայիս միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Չինաստանի աշխարհաքաղաքական և գեոտնտեսական էքսպանսիայի զսպման «գոտի», ինչն առաջիկա տասնամյակներում դառնալու է ամերիկյան աշխարհաքաղաքական դոկտրինի հիմքը։ Այս խնդրի ժառանգականությունն ակնհայտ է, այն արդիականացվեց Ջորջ Բուշի օրոք և մեծ հետևողականությամբ իրագործում է Բարաք Օբաման, ինչը խոսում է այդ դոկտրինի առաջնահերթության մասին։ Այս կապակցությամբ մեծանալու են պրոբլեմները Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Վիետնամի և Հարավարևելյան Ասիայի բոլոր երկրների արտաքին քաղաքականության մեջ։ Գլխավոր խնդիրը սահմանների արմատական փոփոխությունն է և նոր պետությունների ստեղծումը Պակիստանի և Աֆղանստանի ներկայիս տարածքում։ Դա ժամանակակից համաշխարհային աշխարհաքաղաքականության նոր «խաչմերուկն» է, որի կայունության և անվտանգության համար այսօր կատարվում են ահռելի ծախսեր։ Եվ այն վերածվելու է կատաղի պայքարի բեմահարթակի, այդ թվում` նպատակ ունենալով շեղել իսլամական արմատականությունը Մերձավոր Արևելքից։ Ամերիկա-հնդկական դաշինքը կդառնա բազմաթիվ աշխարհաքաղաքական փոփոխությունների հիմքը, ինչը ենթադրելու է սինթետիկ դաշինքների առաջացում տարբեր ավանդական քաղաքակրթությունների միջև։
Մերձավոր Արևելքը բացարձակապես անկառավարելի է, և դրանում արդեն վաղուց են համոզվել արևմտյան էլիտաները։ ՈՒստի այս տարածաշրջանն էլ դատապարտված է սահմանների վերափոխման իր ողջ տարածության մեջ Բոսֆորից մինչև Կենտրոնական Ասիա։ Արաբական ինտելեկտուալները, ըստ էության, խոստովանում են, որ ներկայիս արաբական պետություններից շատերը երկար կյանք չեն ունենա։ Իրանին սպասում են մեծ տհաճություններ, սակայն ապագայում ամերիկացիները խաղագումարը դնելու են հենց Իրանի վրա իբրև տարածաշրջանում առաջատար գործընկերոջ։ Աֆրիկան կշարունակի մնալ կեղծ կայունության վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չի սկսվել ուժային կենտրոնների միջև ազդեցության գոտիների նոր բաժանումը։ Աֆրիկային սպասում են մինչ այժմ չլսված պատերազմներ, անգամ ցեղասպանական գործողություններ, որոնք միլիոնավոր կյանքեր կխլեն։ ԱՄՆ-ի նպատակներից մեկն էլ Ռուսաստանի ներքաշումն է այդ ամենի մեջ և նրա վերածումը սկզբում գործընկերոջ, ապա` «պատվավոր արբանյակի»։ Եվրոպացիները վերջին ճիգով փորձում են ձեռք բերել ավելի նախընտրելի դիրքեր, բայց այդ ամենը տեղի է ունենում եվրոպական մոդեռնիստական քաղաքակրթության խորագույն ճգնաժամի պայմաններում։ ԱՄՆ-ի հաղթանակը հետմոդեռնիզմի հաստատման հարցում կամրագրվի բոլորովին էլ ոչ Չինաստանի հետ պայքարում, այլ Եվրոպան կինտեգրվի մոդեռնիզմի ժխտման գործընթացի մեջ։ Հենց եվրոպական քաղաքական բանավեճի բեմահարթակում է սկիզբ դրվելու հետմոդեռնիզմի դարաշրջանին։
Որքան էլ տարօրինակ է, Հարավային Կովկասն առաջինը քայլ արեց հետմոդեռնիզմի անդունդը` ժխտելով մոդեռնիզմի հիմնարար բազային պատկերացումներից մեկը` «տարածքային ամբողջականությունը», որն արդեն արխաիզմ է և անպաշտպանելին պաշտպանելու անիմաստ փորձ։ Եվ այնուհանդերձ, հետմոդեռնիզմն ամենամեծ սպառնալիքն է ամենից առաջ փոքր կամ ոչ մեծ պետությունների ու էթնիկական հանրությունների գոյությանը։ Կգոյատևեն ու կհաղթեն ոչ թե նրանք, որ կդառնան համաշխարհային ուժային կենտրոնների գործընկերները նրանց իսկ ընտրությամբ, այլ նրանք, որոնք կկարողանան ժամանակին իմաստավորել հետմոդեռնիզմի գաղափարներն ու պայմանները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ